Տերմինների բառարան

Սույն տերմինների բացատրությունը հիմնված են ՀՀ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի հասկացությունների վրա:

 

ազդագիր Ազդագիր է համարվում թողարկողի և նրա արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթը, որի հիման վրա իրականացվում է արժեթղթերի հրապարակային առաջարկը և (կամ) թույլտվությունը կարգավորվող շուկայում առևտրին.
ածանցյալ գործիք Ածանցյալ գործիք է համարվում ժամկետային իրականացման (կատարման) իրավունքը և (կամ) պարտավորությունը հավաստող արժեթուղթը, որի գինն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կախված է՝

ա. արժեթղթի շուկայական (բորսայական) գնից,

բ. տոկոսադրույքից կամ այլ հատուցումից,

գ. արժեթղթերի ինդեքսից,

դ. արտարժույթի փոխարժեքից,

ե. վարկային կամ այլ ռիսկից,

զ. ապրանքի կամ թանկարժեք մետաղի շուկայական (բորսայական) գնից,

է. գնաճի մակարդակից կամ պաշտոնական տնտեսական վիճակագրության այլ ցուցանիշներից.

անվանատեր Անվանատեր է համարվում այն անձը, որի անունով, առանց սեփականության իրավունքի փոխանցման, հաշվառվում են այլ անձանց պատկանող անվանական արժեթղթերը.
առաջարկի ծրագիր Առաջարկի ծրագիր է համարվում թողարկողի իրավասու կառավարման մարմնի ընդունած փաստաթուղթը, որի հիման վրա թողարկողը նախատեսում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում իրականացնել նույն տեսակի և (կամ) դասի ոչ բաժնային արժեթղթերի շարունակական թողարկումներ: Թողարկումները համարվում են շարունակական, եթե տասներկու ամսվա ընթացքում տեղի է ունենում նույն տեսակի և (կամ) դասի արժեթղթերի առնվազն երկու թողարկում: Սույն մասի իմաստով նույն տեսակին են պատկանում նաև այն արժեթղթերը, որոնցով հավաստվող իրավունքներն էապես նույն բնույթն ունեն, սակայն տարբեր են մարման կամ այլ վճարումների ստացման առաջնահերթության, դրանցով վճարվող գումարի չափի և մարման ժամկետների պայմաններով.
արժեթուղթ Դրանք են`

ա. բաժնետոմսերը, բաժնետոմսերով ամրագրված իրավունքներին համարժեք իրավունքներ տվող այլ արժեթղթերը,

բ. պարտատոմսերը և պարտքային այլ արժեթղթերը, բացառությամբ դրամական շուկայի գործիքների,

գ. դեպոզիտար ստացականները, սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված արժեթղթերի բաժանորդագրման կամ ձեռքբերման իրավունքը հավաստող փաստաթղթերը,

դ. ներդրումային հիմնադրամների փայերը կամ դրանցում մասնակցությունը հավաստող նման այլ փաստաթղթերը,

ե. շահույթի բաշխման համաձայնությունը, նման համաձայնությանը մասնակցությունը վկայող փաստաթուղթը,

զ. դրամական շուկայի գործիքները,

է. ածանցյալ գործիքները,

ը. կապիտալի (միջոցների) ներգրավման նպատակով օգտագործվող ցանկացած այլ ներդրումային համաձայնությունը, որը ներառում է վերը նշված արժեթղթերի հատկանիշներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը:

արժեթղթերի առաջարկ Արժեթղթերի առաջարկ է համարվում անձանց ուղղված ցանկացած ձևի հաղորդակցությունը, որն արժեթուղթը վաճառելու առաջարկ կամ արժեթուղթը գնելու առաջարկ անելու հրավեր է պարունակում.
արժեթղթերի հրապարակային առաջարկ Արժեթղթերի հրապարակային առաջարկ է համարվում որակավորված ներդրող չհանդիսացող 100-ից ավելի անձանց կամ անորոշ թվով անձանց ուղղված արժեթղթերի առաջարկը.
արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցներ Արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցներ են համարվում ներդրումային ծառայություններ մատուցող անձինք, կարգավորվող շուկայի օպերատորը, արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատորը և օրենքով նախատեսված այլ անձինք.
արժեթղթերի ցուցակում Արժեթղթերի ցուցակում է համարվում, որոշակի պահանջներին և չափանիշներին բավարարող արժեթղթերի՝ ֆոնդային բորսայում առևտրին թույլտվության գործընթացը.
արժեթղթերի փաթեթի կառավարում Արժեթղթերի փաթեթի կառավարում է համարվում կառավարչի կողմից իր տիրապետմանը հանձնված հաճախորդին պատկանող և նրա օգտին կամ նրա կողմից նշված երրորդ անձանց օգտին (շահառու) կառավարչի անունից արժեթղթերի, արժեթղթերում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցների, հավատարմագրային կառավարման հետևանքով ստացված արժեթղթերի և դրամական միջոցների կառավարումը՝ հաճախորդի կողմից տրված ցուցումների համաձայն.
արժեթղթի նույն դասը Արժեթղթի նույն դասը ներառում է տվյալ թողարկողի այն բոլոր արժեթղթերը, որոնք էապես նույն բնույթն ունեն և որոնց սեփականատերերին վերապահվում են էապես նույն իրավունքներն ու արտոնությունները.
արժեթղթի վաճառք Արժեթղթի վաճառք է համարվում տվյալ արժեթղթի առուվաճառքի, փոխանակման կամ հատուցելի ցանկացած այլ գործարքը.
արժեթուղթ թողարկել Արժեթուղթ թողարկելն անձի գործողությունների ամբողջությունն է՝ ուղղված նույն դասի արժեթղթերի համախմբի առաջացմանը: Արժեթղթերի թողարկումը թողարկողի միևնույն որոշման հիման վրա, սակայն տարբեր ժամանակահատվածներում (սերիաներով) համարվում է մեկ թողարկում.
բաժնային արժեթղթեր Բաժնային արժեթղթեր են համարվում՝

ա. բաժնետոմսը, բաժնետոմսերով ամրագրված իրավունքներին համարժեք իրավունքներ տվող այլ արժեթուղթը,

բ. «ա» կետով սահմանված արժեթղթերի վրա հիմնված դեպոզիտար ստացականը,

գ. ցանկացած այլ արժեթուղթ, որն իրավունք է տալիս ձեռք բերել «ա» կետով սահմանված արժեթղթերը փոխարկման, փոխանակման կամ այլ իրավունքների իրականացման եղանակով և թողարկվել է «ա» կետով սահմանված արժեթղթերի թողարկողի կամ նրանց խմբի անդամ թողարկողի կողմից:

Բաժնային արժեթղթերը միայն անվանական են.

դեպոզիտար ստացական Դեպոզիտար ստացական է համարվում օտարերկրյա թողարկողի բաժնետոմսերի, բաժնետոմսերով ամրագրված իրավունքներին համարժեք իրավունքներ տվող այլ փաստաթղթերի, պարտատոմսերի կամ պարտքային այլ արժեթղթերի հիման վրա թողարկված այն արժեթուղթը, որը դրա սեփականատիրոջն իրավունք է տալիս իրականացնել դրա հիմքում ընկած արժեթղթերով ամրագրված իրավունքները.
դրամական շուկայի գործիքներ Դրամական շուկայի գործիքներ են համարվում մինչև մեկ տարի մարման ժամկետ ունեցող պարտքային արժեթղթերը, այդ թվում՝ կարճաժամկետ պարտատոմսերը, բանկային վկայագրերը և այլ կարճաժամկետ պարտքային արժեթղթերը.
թողարկող Թողարկող է համարվում այն անձը, որն արժեթուղթ է թողարկում (թողարկել) կամ իր անունից արժեթուղթ թողարկելու առաջարկություն է անում.
կարգավորվող շուկա Կարգավորվող շուկա է համարվում հանրության համար ուղղակիորեն կամ անուղղակիորեն մատչելի կազմակերպական, իրավական և տեխնիկական միջոցների համակարգը, որը կանոնավոր կերպով արժեթղթերի առքի և վաճառքի առաջարկների հանդիպման վայր կամ միջոց է կազմակերպում, տրամադրում, ապահովում կամ իրականացնում է արժեթղթերով առևտրի կազմակերպման սովորաբար իրականացվող գործառույթներ: Կարգավորվող շուկան ներառում է ֆոնդային բորսան և այլ կարգավորվող շուկաները.
կարգավորվող շուկայի օպերատոր Կարգավորվող շուկայի օպերատոր է համարվում այն անձը (անձինք), որը կազմակերպում է կարգավորվող շուկայի գործունեությունը.
հաշվետու թողարկող Հաշվետու թողարկող է համարվում այն թողարկողը, որի կողմից թողարկված որևէ դասի արժեթուղթը թույլատրված է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում առևտրին.
ներդրումային ընկերություն Ներդրումային ընկերություն է համարվում օրենքով սահմանված կարգով ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձը.
ներդրումային ծառայություններ մատուցող անձ Ներդրումային ծառայություններ մատուցող անձ են համարվում ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը, բանկը և վարկային կազմակերպությունը.
նշանակալից մասնակցություն Նշանակալից մասնակցություն է համարվում իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը:

Նշանակալից մասնակցությունը համարվում է ուղղակի, եթե մասնակիցն այն իրականացնում է իր անունից:

Նշանակալից մասնակցությունը համարվում է անուղղակի, եթե՝

ա. մասնակիցը հսկում է իրավաբանական անձին` անկախ նրա կանոնադրական կապիտալում մասնակցության փաստից կամ դրա չափից,

բ. մասնակիցը հսկում է իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձին.

ոչ բաժնային արժեթուղթ Ոչ բաժնային արժեթուղթ է համարվում ցանկացած այն արժեթուղթը, որը, սույն բառարանի համաձայն, չի համարվում բաժնային.
որակավորված ներդրողներ Որակավորված ներդրողներ են համարվում`

ա. ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերը, բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային, կենսաթոշակային հիմնադրամները և դրանց կառավարող ընկերությունները.

բ. Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության համայնքները, Կենտրոնական բանկը, օտարերկրյա պետությունները, օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինները, օտարերկրյա պետությունների կենտրոնական բանկերը.

գ. միջազգային ֆինանսական կազմակերպությունները, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրոպական ներդրումային բանկը.

դ. այն անձը, որը որակավորված ներդրող կհամարվի օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով՝ հիմք ընդունելով տվյալ անձի՝ ֆինանսական բնագավառում ունեցած գիտելիքն ու փորձը, նման գիտելիք ու փորձ ունեցող մասնագետներ վարձելու ունակությունը, իր զուտ ակտիվների մեծությունը կամ իր կառավարման ներքո գտնվող ակտիվների մեծությունը և նման այլ չափանիշներ.

ե. իրավաբանական անձը, որի բոլոր մասնակիցները (բաժնետերերը, փայատերերը) հանդիսանում են «ա-դ» կետերում նշված անձինք:

«դ» և «ե» կետերում նշված անձինք որակավորված ներդրող են համարվում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկում գրանցվելուց հետո.

ստանդարտացված ածանցյալ գործիք Սանդարտացված է համարվում այն ածանցյալ գործիքը, որը թույլատրված է կարգավորվող շուկայում առևտրին.
տեղաբաշխող Տեղաբաշխող է համարվում այն անձը, որը տեղաբաշխման նպատակով թողարկողից արժեթղթեր է ձեռք բերում և (կամ) տեղաբաշխման նպատակով թողարկողի արժեթղթերն է առաջարկում, վաճառում կամ մասնակցում է նման գործ իրականացնելու համաձայնությանը կամ պայմանագրին այն բացառություններով, որոնք կարող են սահմանվել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Թողարկող է համարվում նաև այն անձը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն հսկում է թողարկողին, հսկվում է նրա կողմից կամ նրա հետ մեկտեղ գտնվում է ընդհանուր հսկողության տակ.
տեղաբաշխում Տեղաբաշխում է համարվում արժեթղթերի առաջին վաճառքը ներդրողին: Տեղաբաշխումը կարող է իրականացնել թողարկողը կամ ներդրումային ծառայությունները մատուցելու իրավունք ունեցող անձը (տեղաբաշխողը): Թողարկողի կողմից իր՝ ձեռք բերված կամ հետ գնված արժեթղթերի վաճառքը տեղաբաշխում չի համարվում.

 

Թարմացվել է 10:25 28/09/09

Օրենսդրություն

Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:

կարդալ ավելին >>

Ֆինանսական տվյալներ

Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:

կարդալ ավելին >>

Նորություններ

Բանկեր՝ դանդաղ, բայց հաստատուն վերականգնում

19.07.17

Հայաստանի բանկային համակարգը 2017թ. առաջին կիսամյակում արձանագրել է հիմնական ֆինանսական ցուցանիշների ոչ այնքան զգալի, սակայն դրական դինամիկա:

կարդալ ավելին >>

2018-ին շրջանառության մեջ կներդրվեն նոր սերնդի թղթադրամներ

12.07.17

2018-ին շրջանառության մեջ կներդրվեն նոր սերնդի թղթադրամներ

 

կարդալ ավելին >>

Ուռաաա՜, մենք դարձանք չափահաս

19.05.17

2017թ.-ի ապրիլի 27-ին լրացավ ՏՈՆՏՈՆ ՍՊԸ-ի 18 ամյակը:

կարդալ ավելին >>

<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի մարումը

02.09.09

Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն մարել է իր կողմից թողարկված պարտատոմսերը:

 

կարդալ ավելին >>

<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը

02.03.09

Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն իրականացրել է իր կողմից թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը: 

կարդալ ավելին >>